«Գրանիշ»՝ ամենից շատ ընթերցվող գրական առցանց հարթակը
24.12.2019 | 01:38
Օրերս «The Club» ակումբ-ռեստորանում «Գրանիշ» գրական կայքը նշեց իր 10-ամյա հոբելյանը, ամփոփեց նաև 2019 թ. գրական տարին:
Երեկոյին ներկա էին թարգմանիչներ, գրաքննադատներ, գրողներ և պարզապես «Գրանիշով» ապրողներ: Կայքի գլխավոր խմբագիր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ «Գրանիշը» հայ գրողների, գրականագետների, հրատարակիչների, թարգմանիչների գրական բաց համայնք է, հիմնադրվել է 2009-ին մի խումբ երիտասարդ գրական գործիչների կողմից. «Գրանիշը» նպաստում է հայ և հայերեն գրականության տարածմանը, հայ ժամանակակից հեղինակների հանրահռչակմանը և գրական շուկայի զարգացմանը: Կարգախոսն է «Ընթերցանությունն առողջ ապրելակերպ է»: Կայքը սկզբում եղել է բլոգ, որը կոչվում էր «Աշխարհը մեր կտուրից»: Այսօր այն գրականության ամենից շատ ընթերցվող առցանց հարթակն է: Կայքը նպատակ ունի նաև անգլերեն ներկայացնելու հայ գրողներին և հայերեն ՝ օտարագիր հայ գրողներին: Մեզ մոտ հրապարակվել են 2000-ից ավելի հեղինակների 3000 և ավելի գործեր: Օրվա միջին դիտումների քանակը 3000 է: Տարվա ընթացքում «Գրանիշն» ունեցել է 1000000-ից ավելի այցելու»: «Գրանիշ» կայքի հիմնադիր ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆՆ ասաց, որ կայքը մի անձի չի պատկանում, այն հանրային տարածք է և հանրային սեփականություն: Ասաց նաև, որ «Գրանիշը» իրենց սերնդի երիտասարդության խորհրդանիշն է: Գրեթե 10 տարի առաջ մաեստրո Տիգրան Մանսուրյանը ամբողջ խմբագրակազմին հրավիրել է այս ռեստորան, որտեղ իրենք վայելել են նրա ներկայությունը և ստացել նրա քաջալերանքը: ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆ ի լրումն ասաց, որ ինքը հայոց լեզուն շատ է սիրում, և իր երաժիշտ դառնալու հիմքը հայոց լեզուն է, մինչև 30 տարեկանը գրամոլ էր, հետո հասկացավ, որ ավելի լավ է զբաղվի երաժշտությամբ: Հիմա նա այդ ընտանիքի անդամ է իբրև սիրող:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ